Ինչպե՞ս մենք եկանք այն համոզման, որ երկրի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի միջոցով. ԱԺ պատգամավոր
Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեսյբուքում» գրում է.
Վերջերս շատ են քննարկումները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղվածության կամ վեկտորի մասին։ Կցանկանայի այս քննարկումներում ընդգծել առավել պատմական մի դիտանկյունը։
«Մի հանգամանք պարզորոշ էր՝ սեփական ուժերով անհնար էր թոթափել վիթխարի պետությունների լուծը, հետևաբար՝ Հայաստանի ազատագրումը կապվում էր դրսից ակնկալվող օգնության հետ։ […] Երկար դեգերելուց հետո հայ ազատագրական միտքը եկավ այն համոզման, որ երկրի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի միջոցով։ Ռուսական կայսրության՝ դեպի արևելք ծավալվելու ռազմաքաղաքական ծրագրերը համահունչ էին Անդրկովկասի ժողովուրդների՝ հայերի և վրացիների ազատագրական ձգտումներին։» Այսպես է ահա նկարագրում 17-րդ դարի սկիզբը Հայոց պատմության 2013 թվականին հրատարակված դպրոցական դասագիրքը։
Դասագիրքը շարունակում է․ «Ի վերջո, 19-րդ դարի առաջին տասնամյակներին ռուս-պարսկական պատերազմում տարած հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին։ Հայկական պետականությունը չվերականգնվեց, սակայն Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանը զարգանալու հնարավորություններ ստացավ։»
Մի պահ վերադառնանք այն հատվածին, որն ասում է, թե երկար դեգերելուց հետո հայ ազատագրական միտքը եկավ այն համոզման, որ երկրի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի միջոցով։ Առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե որտեղ էր երկար դեգերում մեր ազատագրական միտքը մինչ այդ։ Պատասխանը հետևյալն է․ մենք երկար դեգերում էինք Արևմտյան Եվրոպայում։ Ահա նույն դասագրքի մեջ կարդում ենք, որ Անգեղակոթի 1699 թվականի ժողովի ժամանակ հայ մելիքները նամակ գրեցին Գերմանիայի կայսրընտիր իշխան Հովհան Վիլհեմին, որ, մեջբերում եմ դասագրքից, «ռազմական օգնության դիմաց մելիքները խոստանում էին Հովհան Վիլհեմին ճանաչել հայոց թագավոր»։ Նամակը Գերմանիայի կայսրընտիր իշխանին պիտի հանձներ Իսրայել Օրին։
Երկրորդ հարցը հետևյալն է․ եթե Հայաստանի ազատագրումը կապվում էր Արևմտյան Եվրոպայի հետ, այդ ինչպե՞ս մենք եկանք այն համոզման, որ երկրի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի միջոցով։ Դասագիրքը մեզ չի պատմում, որ հենց արևմտաեվրոպացիներն էին, որ մեզ ասացին, որ անհրաժեշտ է դեգերել նաև Ռուսաստանում, քանի որ եվրոպական զորքերը Հարավային Կովկաս կարող են հասնել միայն Ռուսաստանի տարածքով։
Այս մասին կարող ենք իմանալ՝ ընթերցելով մեկ այլ՝ արխիվային նամակ, որը Իսրայել Օրին է գրել Գերմանիայի կայսրընտիր իշխանին, ասելով, որ նրանից սպասում է «հանձնարարագիր Լեհաստանի Թագավորին և ևս մեկը՝ Մոսկովիտների Մեծ Դքսին, ով չպետք է իմանա Հայաստանի իշխանների նպատակը՝ կապված Ձերդ Կայսրընտիր Բարձրության և Նորին Լուսափայլ տան հետ, բայց կարող է և նույնիսկ պետք է իմանա, որ մենք մտադիր ենք զորքեր անցկացնել Ձերդ Կայսրընտիր Բարձրության և Նորին Կայսերական Մեծության կողմից, որպեսզի օգնի՝ հայերին ազատագրելու գործին։ Քանզի առաջին հարցը խանդ կառաջացնի, բայց ոչ երկրորդը, ընդհակառակը, Մոսկովիայի Մեծ Դուքսը շատ գոհ կլինի, Նա հաճույքով կհամաձայնի տրամադրել զորքերի անցումը և մեզ համար նույնիսկ կանի ավելին, քան կխնդրենք։»։
Հասնելով Ռուսաստան, Իսրայել Օրին, այնուամենայնիվ որոշում է, որ Մոսկովիայի Մեծ Դքսին՝ Պետրոս Առաջինին առաջարկի ոչ թե տարանցում տրամադրել եվրոպական զորքերի համար, այլ անձամբ արշավել Հարավային Կովկաս։ Հարկավոր է սակայն նկատել, որ Պետրոս Մեծին, ով Ռուսաստանի հայացքը հառեց դեպի Հարավային Կովկաս, հետաքրքրում էր ոչ թե հենց Հայաստանի ազատագրումը, այլ Պարսկաստանում Կասպից ծովի առափնյա շրջանների նվաճումը, և մենք պետք է օգնեինք նրան այս հարցում։
Իսրայել Օրին իսկապես նվիրված էր Հայաստանի ազատագրության գործին, և եթե անհրաժեշտ լիներ, նա Ռուսաստանից հետո կմեկներ նաև Ճապոնիա և կխոստանար ճապոնացիներին, որ ազատագրվելուց հետո մենք կընդունենք կոնֆուցիականություն, ինչպես խոստացել էր Հռոմի Պապին, որ կաթոլիկ ենք դառնալու, եթե Հռոմի Պապը օգնի մեզ ազատագրման գործում։
Այսպիսով, հայ ազատագրական մտքի համար չկար աշխարհաքաղաքական որևէ հստակ ուղղվածություն։ Հայ ազատագրական մտքի նպատակը հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքի մի որևէ մասով ազատագրումն էր՝ մի որևէ արտաքին դերակատարի միջոցով։ Բայց ազատագրումը, հասկանալիորեն, ենթադրում էր հստակ ուղղվածություն ընդդեմ տարածաշրջանի։
Եվ ուրեմն արդյո՞ք մենք վերջիվերջո ազատագրվեցինք։ Այո, օտար լծի տակ ապրող հայ ժողովրդի հանրային-քաղաքական գործիչների վարած ազատագրական պայքարի շնորհիվ, իսկ դրանից հետո էլ երբեմն մեզնից անկախ զարգացումների բերումով մենք հասել ենք անկախ պետականության հանգրվանին։ Այդ անկախ պետականությունը պահպանելու համար մենք այժմ նոր խնդիր պետք է լուծենք՝ հարևան երկրների հետ կայունության և խաղաղության հասնելու խնդիրը՝ այո, հաճախ ի հեճուկս հարևանների ագրեսիվության։ Մենք պե՛տք է ճանապարհ գտնենք դուրս գալու այս տարածաշրջանում պատմականորեն ձևավորված մեր դերից։ Սա սարսափելի դժվար խնդիր է, բայց մեզ պատմական մշուշից դուրս գալու համար պարզ միտք և համառություն է անհրաժեշտ։
Մեր տարծաշրջան դարեր առաջ ժամանած և այստեղից հեռանալ չպատրաստվող ժողովուրդներից մեզ ազատագրած այդ հզոր ուժը՝ ազատագրական պայքարի գաղափարը այժմ պետք է վերափոխվի արտաքին քաղաքականության՝ ուղղված հարևան պետությունների հետ հաշտություն գտնելուն։
Եթե մենք արտաքին քաղաքականության ուղղվածության կամ վեկտորի մասին շարունակենք մտածել նույն կերպ ինչ ազատագրական պայքարի վեկտորի մասին, այդ հզոր ուժը՝ ազատագրական պայքարի գաղափարը մեզ կվերադարձնի այն վիճակին, որում ինքն իրեն առավել հարմար է զգում, այն է՝ առանց պետականության վիճակի։
Իմաստ չունի դեգերել աշխարհում՝ փնտրելով հարևանների հետ ոչ թե հաշտության հասնելու, այլ հակամարտելու համար ռազմավարական կամ պակաս ռազմավարական գործընկերներ։ Հայաստանը ունի կոնկրետ խնդիր՝ իր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարբերությունները բերել իր մյուս երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների նմանության։ Այս խնդիրը պետք է լուծեն անկա՛խ Հայաստանի քաղաքական գործիչները։ Սա չնկատող քաղաքական գործիչները տարբեր պատճառներ կարող են ունենալ։ Ոմանք մեզ անզոր են համարում «պատմական ճակատագրի» հանդիման, ոմանք զբաղվում են շառլատանությամբ՝ այդ «պատմական ճակատագիրը» կրկնելու և հնթացս նաև իշխանության հասնելու համար։
Պետականություն չունեցող հայ ժողովրդի հանրային-քաղաքական գործիչների ազատագրական պայքարի միտքը, հասկանալիորեն, ուներ շատ ընդգծված հակատարածաշրջանային ուղղվածություն և ըստ այդմ շատ ընդգծված արտաքին՝ տարածաշրջանից հեռու ուղղվածություն։ Ընդ որում կարևոր չէ՝ դեպի հյուսիս, թե դեպի արևմուտք, կարևորը՝ ընդդեմ մեր տարածաշրջան ժամանած կեղեքիչների։ Իսկ պետության և նրա ինստիտուտների արտաքին քաղաքական միտքը պետք է ուղղված լինի առավելապես դեպի տարածաշրջան։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը պետք է հաշվի առնի աշխարհաքաղաքական դերակատարների հետ իր հարաբերությունները, սակայն չմոռանա, որ իր շահերի տեսանկյունից «աշխարհի կենտրոնը» ինքն է և դրանից անմիջապես հետո՝ Հարավային Կովկասը։
Կարծիքներ