Սա դեռ սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին
Իսրայելի բանակը պատրաստվում է ցամաքային գործողության Գազայի հատվածում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում, թեև նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է սկսվելու գործողությունը։
«Մենք պատրաստվում ենք ցամաքային ներխուժման. Թե երբ, ինչպես և որքան, չեմ հստակեցնի։ Չմանրամասնեմ նաև մի շարք հարցեր, որոնց մեծ մասին հանրությունը տեղյակ չէ։ Եվ այդպես էլ պետք է լինի։ Ահա թե ինչպես ենք մենք պաշտպանում մեր զինվորների կյանքը»,- ասել է Նեթանյահուն, որը մեջբերում է BBC-ն։
Նա նաեւ նշել է, որ իսրայելական բանակի նպատակն է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը եւ վերադարձնել պատանդներին։
«Մենք արդեն սպանել ենք հազարավոր ահաբեկիչների, և սա դեռ սկիզբն է», - ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ որոշումը, թե երբ զորքերը կուղարկվեն պաղեստինյան անկլավ, կկայացնի կառավարության հատուկ ռազմական կաբինետը։
«Մենք մեր գոյության պայքարի թեժ իրավիճակում ենք...»,- ասել է հրեական պետության վարչապետը։
«Բեննի Գանցը, պաշտպանության նախարարությունը, շտաբի պետը և անվտանգության ծառայությունների ղեկավարները, մենք բոլորս աշխատում ենք շուրջօրյա՝ իրականացնելու պատերազմի նպատակները մինչև հաղթանակ»,- վստահեցրել է նա։
Կարծիքներ