Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ն Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի ու երկարաժամկետ խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ամբողջությամբ աջակցում ենք Աստանայի ջանքերին այս ուղղությամբ։ Եթե պատմությանը նայենք, Ղազախստանը էական ներդրում է ունեցել 1991 թվականի Ժելեզնովոդսկի հռչակագրի մշակման և ընդունման գործում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական դիմակայությանը վերջ տալու առաջին լուրջ փորձերից մեկն էր։ Կարևոր է, որ Ալմաթիում շփումները համահունչ 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին, որոնք հստակեցրել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ասել է Գալուզինը։
Խոսելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ Գալուզինն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը չի օգտագործում Ադրբեջանի նախագահի կողմից շրջանառության մեջ դրված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ «Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե մեկ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման դիրքերից։ Հենց դրանով է զբաղվում 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ համանախագահությամբ»,- նշել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը ռիթմիկ աշխատանք է տարել, կարողացել է էական արդյունքներ գրանցել։ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ 2023 թվականի հունիսին ընդհանուր ըմբռնում է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցի շուրջ՝ հավելելով, որ կողմերը գործնականում համակարգային և հավասարակշռված պայմանավորվածության էին հասել։
Գալուզինն ասել է, որ այդ գործընթացը կանգ է առել, բայց ոչ Ռուսաստանի մեղքով։ Նրա խոսքով՝ Երևանը նաև եռակողմ աշխատանքային խմբի մակարդակում փոխգործակցությունը սառեցնելու որոշում է ընդունել։
Կարծիքներ