Պրոբացիայի ծառայությունում կիրառվում է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցը. արդարադատության նախարարի այցը ծառայություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմին՝ 2023թ.-ի ընթացքում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով:
Մինչ քննարկմանն անցնելը՝ նախարարին է ներկայացվել պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում իրականացվող պիլոտային ծրագիրը: Ծառայության անցակետում տեղադրվել է մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում, որը հնարավորություն է տալիս նույնականացնել շահառուին և արձանագրել վերջինիս Պրոբացիայի ծառայություն ներկայանալու փաստը: Արդյունքում այս սարքավորման միջոցով ապահովվում է պրոբացիայի ծառայողների ժամանակի և ռեսուրսների խնայողություն, ինչպես նաև նվազեցվում է կոռուպցիոն ռիսկերը:
Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազամավարությանը համահունչ՝ Պրոբացիայի ոլորտի լավարկումն և շարունակական զարգացումն ապահովելու համար կարևորվել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման, պրոբացիայի ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ռազամավարական նպատակները միտված են քրեակատարողական և պրոբացիայի համակարգում այնպիսի նախադրյալներ ստեղծելուն և զարգացնելուն, որոնց հիման վրա հնարավոր կլինի արդյունավետ և ամբողջ ծավալով իրականացնել վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը՝ ապահովելով պատժի կիրառման նպատակայնությունը:
Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև Պրոբացիայի ծառայության՝ էլեկտրոնային հսկողության միջոցների ձեռքբերումը, որոնք հնարավորություն են տալիս կիրառել տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները: Ընդգծվել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության ապահովման նպատակով իրականացված ծրագրերը՝ մասնավորապես Արարատ քաղաքում բացված կենտրոնի կարևորությունը, որը հնարավորություն է տալիս պրոբացիայի շահառուներին սովորել համապատասխան ոլորտի մասնագիտություն, ինչի շնորհիվ նրանք հետագայում կկարողանան աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն ունենալ:
Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է 2022թ.-ի կատարված աշխատանքները մասնավորապես՝ վերահսկողության տակ գտնվող անձանց վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը:
Երկուստեք կարևորվել է նոր՝ 2023-2026թթ.ռազմավարությամբ նախանշել այն հիմնական անելիքները, որոնք միտված կլինեն Պրոբացիայի ծառայության շարունակական զարգացման համար:
Կարծիքներ