Նա եկավ ոչ թե որպես ինքնուրույն Ռուբեն Վարդանյան, այլ որպես «հին» թիմի ներկայացուցիչ, որը կառավարվում էր դրսից. Բաբայան
«Իմ կարծիքով՝ նրան չհաջողվեց ու չէր էլ հաջողվելու, քանի որ նա եկավ ոչ թե որպես ինքնուրույն Ռուբեն Վարդանյան, այլ որպես «հին» թիմի ներկայացուցիչ, որը կառավարվում էր դրսից»:
Այս մասին երեկ Առաջին ալիքի եթերում ասել է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուբեն Վարդանյանին հաջողվե՞ց որևէ բան անել, թե՞ ոչ:
«Եթե մարդը 100 օրում ծրագրային որևէ փոփոխություն չի արել, մի կառուցվածք չի փոխել, ոչ մի բան չի արել, ի՞նչ պետք է սպասեինք: Ես առաջին օրվանից էլ ասել եմ, որ չի կարող, եթե անկախ չէ: Եթե ես գամ Ղաաբաղ՝ կառավարման, ու, ասենք, քեզանից, մյուսից, էն մյուսից պետք է կարծիք հարցնեմ՝ ո՞ւմ, որտե՞ղ պիտի նշանակեմ, ի՞նչ ռեֆորմ պետք է անեմ, կարո՞ղ եմ անել, թե՞ չէ, իհարկե, ոչ մի բան չի ստացվելու»,- հավելել է Բաբայանը:
Հարցին, թե ո՞ւմ կարծիքն է հարցրել Վարդանյանը, նա պատասխանել է. «Բոլոր հին նախագահների: Մարդը պարզ ասում է՝ ես նախագահների կարծիքը հարցնում եմ՝ փորձված, հին, «աֆտարիտետ» ունեցող, ու նոր որոշում կայացնում»:
Նա նաև նշել է, որ Ալիևը ոչ թե Վարդանյանից, այլ Ռուսաստանից է վախենում, իսկ նա Ռուսաստանի ներկայացուցիչն է եղել:
«Ադրբեջանն ուզում է ինքնուրույն՝ ուղիղ բանակցել Արցախի հետ: Մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է կոնֆլիկտը սառեցնել և երկարաձգել, իր դիրքերն ամրապնդելով՝ փորձի հակամարտել Ադրբեջանի հետ: Այստեղ Ղարաբաղի խնդիրը չէ»,- կարծիք է հայտնել նա:
Կարծիքներ