«Թուրքիան պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին»․ ԵՄ ներկայացուցիչ
Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը անդրադարձել է Օսման Կավալային ազատ արձակելու կոչ արած 10 երկրների դեսպաններին վտարելու Թուրքիայի որոշմանը։ Այս մասին է գրում Ermenihaber.am-ը։
Մեյեր-Լանդրուտը նշել է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի հիմնադիր անդամ, ինչպես և մյուս անդամ երկրները, պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին։ «Այդ կառույցներից մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ), և ակնկալվում է, որ Թուրքիան պետք է ենթարկվի նրա որոշումներին»,- նշել է դեսպանը։
Նշենք, որ Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը մասնակցել է հոկտեմբերի 21-22-ին Դալյանում և Բոդրումում կազմակերպված միջազգային միջոցառումներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով 10 երկրների դեսպանների՝ Օսման Կավալային ազատ արձակելու կոչ անող համատեղ հայտարարությանը, նշել էր․ «Այդ Սորոսի մնացորդին պաշտպանողները մտատանջվում են, թե ինչպես կարող են հասնել դրա ազատ արձակմանը։ Բայց ես մեր արտգործնախարարին ասել եմ, որ մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ՝ դրանց մեր երկրում պահելու»։
Կարծիքներ