Երևանում ջարդել են սուպերմարկետի ապակիները, կոտրել տերմինալն ու 3 մլն դրամ գողացել
Մարտի 5-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում Ահարոնյան փողոցում գործող «Պարմա» սուպերմարկետի դռների ապակիները ջարդված են, իսկ այնտեղ եղած տերմինալը՝ կոտրված։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ժամը 05։00-ից միչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ահարոնյան 1/6 հասցեում գործող «Պարմա» սուպերմարկետի մուտքի դռան ապակին, այնտեղից դուրս բերել «Թել-Սել» վճարահաշվարկային տերմինալը, կոտրել այն և գողացել այնտեղ պահվող գումարը, իսկ տերմինալը թողել են դեպքի վայրում։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված սուպերմարկետի տնօրեն 33-ամյա Արեգ Ն․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ խանութին պատճառվել է նյութական վնաս, իսկ վճարահաշվարկային տերմինալի մեջ եղել է 3 մլն դրամ։
Կարծիքներ