ԿԳՄՍՆ-ն օրինագիծ է շրջանառում, որի համաձայն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել բուհերի հոգաբարձուների խորհրդում

ԿԳՄՍՆ-ն օրինագիծ է շրջանառում, որի համաձայն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել բուհերի հոգաբարձուների խորհրդում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, կարող է ապահովել բուհի ապակուսակցականությունը:

Այս մասին Դումանյանն ասաց դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Դա հնարավոր է շատ հանգիստ. ոչ մի խնդիր չկա: Պարոն Պապիկյանը ոչ այն պատճառով է ԵՊՀ-ում, որ այնտեղ կուսակցության խնդիրները քննարկի: Նա սովորել է ԵՊՀ-ում և իր ուսանելու տարիներին բավականին ակտիվ է եղել: Երկար տարիներ է անցկացրել բուհում ու քաջ ծանոթ է Երևանի պետական համալսարանին: Պապիկյանն այնտեղ է, որպեսզի չլինեն այնպիսի երևույթներ, ինչպիսիք եղել են նախկինում, երբ ԵՊՀ-ն իր համեստ բյուջեից 120 և ավելի մլն դրամ է փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ամեն տարի և ոչ միայն ԵՊՀ-ն, այլև բոլոր պետական բուհերը: Պապիկյանն այնտեղ է, որ նման բան չլինի: Ես վստահ եմ, որ չի լինի»,-շեշտեց Դումանյանը:

Նախարարը հիշեցրեց, որ խոսվում է  միայն Սուրեն Պապիկյանի մասին, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Դումանյանի խոսքով՝ համապատասխան օրենքի նախագիծ են շրջանառում և հույս ունեն, որ Ազգային ժողովում այն կընդունվի: Ըստ նախագծի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող  անձինք չեն կարող լինել  բուհերի հոգաբարձուների խորհրդում:

Սուրեն Պապիկյանը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2021 թվականի նոյեմբերի 6-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում