Ռուսաստանի ԱՆ-ն գնահատել է Արցախում վիրավորված ռուսաստանցի լրագրողի վիճակը
Լեռնային Ղարաբաղում վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկի առողջական վիճակը թույլ չի տվել նրան տեղափոխել Մոսկվա, նրան օգնություն ցուցաբերում են Հայաստանի մասնագետները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
«Ինչքան մեզ հայտնի է, ներկա պահին նրա առողջական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել։ Նրան բժշկական օգնություն են ցուցաբերում մասնագետները Հայաստանում։ Դեռ վաղ է կանխատեսումներ անել»,- ասել է Կուզնեցովը լրագրողներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսսիա» հատուկ ավիացիոն ջոկատի ինքնաթիռով Երևանից Մոսկվա էր տեղափոխվել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի երեք լրագրողից երկուսը։ Եվս մեկ լրագրող ծանր վիրավորումով մնացել էր Երևանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուսաստանցի լրագրող։ Նրանք Ստեփանակերտից տեղափոխվել էին Երևան։
Կարծիքներ