Բերդավանում խաչքար է տեղադրվել ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյուղացիների
Բերդավանի կենտրոնական այգում ապրիլի 23-ին տեղի է ունեցել խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։
Խաչքարն օծել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազան հայրը նշել է. «Այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում, որտեղ պետք է ամեն անգամ այցելենք, եթե զգանք մեզ անպիտան, անուժ և հասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների, մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով»։
Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, որը իր խմբով և զոհված տղաների ընտանիքների հետ այցելեց նրանց շիրիմներին, խոնարհում տվեց նրանց։ Իրեն բերդավանցի համարելով՝ Արսեն Գրիգորյանը իր հարգանքի ու երախտիքի խոսքը ուղղեց բոլոր ներկաներին։
Կարծիքներ