Կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ քննարկվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը շարունակվել է կրթության ոլորտի զարգացման գործընկերների մասնակցությամբ կազմակերպված հերթական հանդիպմամբ։
Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, ՀՀ-ում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Գոհար Մուսաելյանը:
Քննարկմանն առցանց մասնակցել է միջազգային խորհրդատու Քենթ Լյուիսը, որը ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի անկախ գնահատումը:
Կարևորելով նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացումը՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է գործողությունների ծրագրի ռազմավարական հիմնական ուղղությունները և վերջնական նպատակը, ինչպես նաև նշել, որ Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ մինչև 2030 թվականը էականորեն ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը, ապահովել հասանելի, ներառական կրթություն և այլ կարևոր սկզբունքներ:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ծրագրի վերջնական նպատակին, այն է՝ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորում: Նախարարի տեղակալը խոսել է նաև ծրագրի ռազմավարական ուղղությունների մասին, որոնք են՝ ստեղծել համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայր, բարձրացնել կրթության արդյունավետությունը, միջազգայնացնել և արտահանել կրթական ծառայությունները:
Հանդիպման ընթացքում Արաքսիա Սվաջյանը մանրամասն ներկայացրել է հանրակրթության, նախնական ու միջին մասնագիտական, արտադպրոցական ծառայությունների և ոչ ֆորմալ կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը:
«Մեզ համար որպես նպատակներ սահմանվել են ինչպես բովանդակության, այնպես էլ մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները», - ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը՝ նշելով, որ գործողություների պլանում սահմանվել է երեք հավակնոտ թիրախ՝ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, մրցունակ, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով օժտված շրջանավարտ և միջազգայնացման տեսակետից ՀՀ-ում կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը. «Այս թիրախներին հասնելու համար նախատեսվել են առանձին գործողություններ, որոնք միտված են կրթության որակի բարձրացման, միջազգայնացմանը»:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության մասնագետ Ալվարդ Պողոսյանը կարևորել է նմանօրինակ հանդիպումները՝ նշելով, որ դրանք պետք է լինեն շարունակական, առավել կառուցողական ու նպատակային, ինչպես նաև ներկայացրել է կազմակերպության իրականացրած Հայաստանի կրթության ոլորտի վերլուծությունը:
Հանրային քննարկման մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին, ստացել սպառիչ պատասխաններ և պայմանավորվել ներկայացված ծրագիրը կյանքի կոչելու համար համատեղ աշխատանքներ և վերլուծություններ իրականացնել:
Նշենք, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը տեղադրվել է «e-draft» էլեկտրոնային հարթակում. հետաքրքրված անձինք մինչև փետրվարի 23-ը կարող են ներկայացնել ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները:
Կարծիքներ