Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել «Վարկանիշային» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է «Վարկանիշային-23» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներկայացնում է այն արվեստագետների աշխատանքները, որոնք ցանկանում են ընդգրկվել միության շարքերում:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Շնորհավորելով ցուցադրության բոլոր մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ներկայացված բոլոր աշխատանքները և ցուցադրության շրջանակում դրանք դիտելու հնարավորությունը:
«Մշակույթը պետք է ավելի մեծ դեր զբաղեցնի մեր կյանքում, և նաև ձեր միջոցով է, որ պետք է հասնենք այդ ամենին: Ուրախ եմ, որ ստեղծագործում եք. շատ հաճախ արվեստի միջոցով մենք կարողանում ենք փոխանցել այն կարևոր ուղերձները, նշանակությունն ու արժեքները, որոնց արտահայտման համար բառերը չեն բավարարում, սակայն պատկերներն ու գույները առավել խոսուն են: Ուրախ եմ նաև, որ ընտրել եք կերպարվեստի լեզուն՝ ձեր ասելիքը և կարևոր ուղերձները հասարակությանը փոխանցելու համար: 2022 թվականից նախարարության աջակցությամբ դպրոցներում իրականացվում է «Դասարվեստ» կրթական ծրագիրը, որի շրջանակում երեխաներին ներկայացվում են մեր մեծանուն նկարիչների ստեղծագործությունները: Այս ծրագրի միջոցով դպրոցականները հնարավորություն են ունենում առնչվելու արվեստին, հասկանալու՝ ինչպես գնահատել ստեղծագործությունները, ճանաչել և հաղորդակից լինել արվեստի գործերին: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ձեր կտավների միջոցով ևս երեխաները կհաղորդակցվեն արվեստին: Ձեզնից յուրաքանչյուրն այսօր մեր երիտասարդներին ցույց է տալիս նաև այն ուղին, որով կարող են գնալ և ընտրել իրենց մասնագիտությունը, զարգացնել կարողությունները»,- նշել է նախարար Ժ․ Անդրեասյանը և շնորհավորել ցուցադրության մասնակիցներին նկարիչների միության անդամ դառնալու կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև միության նախագահին ոլորտում ակտիվ գործունեության, ձևավորված ընդհանուր հարթակի համար, որտեղ ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռվում ընդլայնել հնարավորությունները:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի ներկայացմամբ՝ ցուցադրությունում ներառված են միության անդամ չհանդիսացող նկարիչների աշխատանքները. «Ժյուրիի կողմից ընտրված աշխատանքների հեղինակները ստանում են մեկ միավոր, իսկ հինգ միավոր ձեռք բերելու պարագայում հայտ ներկայացնելու հնարավորություն են ստանում՝ Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար»: Սուրեն Սաֆարյանը շնորհավորել է հաղթողներին, իսկ այն մասնակիցներին, որոնք միավոր չեն ստացել, հորդորել է կրկին փորձել: Միության նախագահի խոսքով՝ այս տարի մասնակիցների թիվն աննախադեպ մեծ էր. շուրջ 300 մասնակից ներկայացրել էին մոտ 800 աշխատանք:
ԿԳՄՍ նախարարն ու նախարարի տեղակալը շրջել են ցուցահանդեսում, դիտել ցուցադրված ստեղծագործությունները։
Նշենք, որ «Վարկանիշային» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացված է միության երեք հարկերում և կգործի փետրվարի 21-25-ը:
Կարծիքներ