Իրանն Իսրայելին նախազգուշացրել է «ցնցող պատասխանի» վերաբերյալ
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է, որ Իսրայելի ռեժիմը պետք է կենտրոնանա տասնյակ հազարավոր միլիարդ դոլարների ֆինանսավորման վրա՝ վերականգնելու այն վնասը, որը կարող է պատճառել Իրանի ցնցող պատասխանը։
Ինչպես գրում է ԻՌՆԱ գործակալությունը, այս կերպ իրանցի պաշտոնյան արձագանքել է տեղեկությանն այն մասին, որ Իսրայելը մտադիր է 5 միլիարդ շեքել (մոտ 1,5 միլիարդ դոլար) հատկացնել իր զինված ուժերին` Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր հարվածներին նախապատրաստելու համար: Այս հայտարարությունն արել էր Իսրայելի 12-րդ ալիքը:
«Իրանի դեմ ոճրագործություններին 1,5 միլիարդ դոլար բյուջե հատկացնելու փոխարեն, սիոնիստական ռեժիմը պետք է կենտրոնանա տասնյակ հազարավոր միլիարդ դոլարների ֆինանսավորման վրա՝ վերականգնելու այն վնասը, որը կարող է պատճառել Իրանի ցնցող պատասխանը», - ասվում է նրա թվիթերյան գրառման մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 1,5 միլիարդ դոլարը նախատեսված է տարբեր տեսակի ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և զենքի յուրահատուկ տեսակներ գնելու համար, որոնք անհրաժեշտ են ստորգետնյա ամրացված օբյեկտների վրա հարձակման համար, պնդում է հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 10-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել էր, որ «Իսրայելի պարտականությունն է ոչ թե խոսքով, այլ գործով համոզվել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»: Հոկտեմբերի 13-ին Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Իրանի հետ բանակցությունների յուրաքանչյուր ուշացում Թեհրանին մոտեցնում է միջուկայինհ զենքի զարգացմանը և որ Իսրայելը «իրեն իրավունք է վերապահում գործել ցանկացած պահի և ցանկացած ձևով», ինչը, նրա խոսքերով, հրեական պետության «ոչ միայն իրավունք է, այլև պատասխանատվությունը»:
Կարծիքներ