Ասկերան շրջկենտրոնում 5 տարում նախատեսվում է կառուցել 500 բնակարան
Արցախում Ասկերան քաղաքում կառուցվող բազմաբնակարան երեք նոր շենքերի բնակարանները շահագործման կհանձնվեն այս տարեվերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շինարարական աշխատանքներից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Ասկերան քաղաքում երեք բազմաբնակարան նոր շենք է կառուցվում: Շինաշխատանքները սկսվել են 2019 թվականի օգոստոսին: Կառուցվող բնակարանների թիվը 38 է, շահագործման ժամկետը՝ 2020-ի դեկտեմբեր: Շրջկենտրոնում նախատեսվում է 5 տարում կառուցել 500 բնակարան:
«Բնակարանաշինությունը մեր զարգացող երկրի առանցքային ուղղություններից է: Մայրաքաղաքում, շրջկենտրոններում, թե գյուղական համայնքներում ծրագիրը լայն թափ է ստացել: Այն խրախուսելու համար պետական աջակցության տարբեր գործիքակազմեր են կիրառվում, և դա լինելու է շարունակական»,-նշել է Հարությունյանը:
Կարծիքներ