Առանցքային կողմը Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի և ներդրումների աճող տեղաշարժն է. Քերոբյան
Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 10-ից 11-ը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում մասնակցում է 10-րդ «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովին (Vibrant Gujarat Global Summit)։ Գագաթնաժողովի բացմանը ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Գագաթնաժողովի մասնակիցների թվում են 5 երկրների ղեկավարներ, ինչպես նաև Fortune Global 500-ի ցուցակի 5 ընկերության տնօրեններ։
«Մեր երկու երկրների տնտեսական պատմության առանցքային կողմը Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի և ներդրումների աճող տեղաշարժն է, որը վկայում է մեր երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման մասին: Ուրախալի է տեսնել, որ փոխադարձ ներդրումները երկու երկրներում գնալով ավելանում են, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների արտադրության, մետալուրգիայի, հանքարդյունաբերության, ոսկերչության ու ադամանդագործության և այլ ոլորտներում», - նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև հավելել է, որ և՛ Հայաստանի, և՛ Հնդկաստանի կառավարությունների համար կարևոր է խրախուսել և զարգացնել փոխադարձ առևտուրը, լոգիստիկ և ներդրումային հնարավորությունները: Դրանով կարելի է խթանել նորարարությունը, ստեղծել համագործակցության նոր ուղիներ և ճանապարհ հարթել դեպի բարեկեցիկ ապագա:
B2B, B2G, G2G ձևաչափով հանդիպումներից զատ՝ նախատեսվում են սեմինարներ ու համաժողովներ արդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարության, կանաչ ջրածնի, էլեկտրական մեքենաների ու վերականգնվող էներգիայի և այլ թեմաների վերաբերյալ:
Կարծիքներ