ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Պրահայի` իր դեսպանատան հողը վերադարձնելու պահանջին
ՌԴ ԱԳՆ-ն Պրահայի «հողային պահանջներից» հետո չեխական կողմին հիշեցրել է իր անշարժ գույքի մասին Մոսկվայի կենտրոնում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Պրահա-7 շրջանի ղեկավար Յան Չիժինսկին հայտարարել էր, որ իշխանությունները Ռուսաստանից պահանջում են վերադարձնել «Ստրոմովկա» քաղաքային զբոսայգու մասը, որն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը:
«Եթե Պրահան իր առանձնակի նախանձախնդիր թաղապետերով հանդգնի այլ «գործիքակազմի» դիմել, ապա մենք ձեզ հիշեցնում ենք, որ չեխական կողմը նույնպես զգալի անշարժ գույք ունի Ռուսաստանի մայրաքաղաքի Տվերսկայա փողոցի տարածքում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են դիվանագետները, Չեխիայի մայրաքաղաքում դեսպանատան տարածքը ԽՍՀՄ-ին հատկացվել է 1970-ականների սկզբին`գոյություն ունեցող խորհրդային-չեխոսլովակյան համաձայնությունների հիման վրա:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար: ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ:
Կարծիքներ