«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային պատվավոր 5 տեղերի

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային պատվավոր 5 տեղերի

Հայաստանյան հրատարակիչների հինգ գրքեր Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:

Մրցանակները հաղթող կառույցների ներկայացուցիչներին այսօր հանձնել է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

«Այս մրցանակաբաշխությունը, որը ձևավորվել է ԱՊՀ շրջանակում, գրահրատարակչության զարգացման, նոր գրքերի հրատարակման, տվյալ ժողովրդի պատմության և ժառանգության հանրահռչակման առումով կարևոր դերակատարություն ունի: Մեր գրահրատարակիչները միշտ պատվով են ներկայացել այս հարթակում, և Հայաստանը մշտապես վերադարձել է մրցանակներով»,- ասել է Սվետլանա Սահակյանը:

«Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում ներկայացված էր 49 հրատարակություն՝ ԱՊՀ 6 երկրից: Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջազգային մրցույթի հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր: Մինչև մրցույթի միջազգային փուլը Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ներկայացնելու գրականության ցանկը։ Մեր երկիրը ներկայացել է յոթ անվանակարգում: Հայաստանյան հրատարակիչների հինգ գրքեր արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի․

1․ «Իմ երկիրը» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը, որը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով («Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, 2022):

2․ «Համագործակցություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն-անգլերեն պատկերագիրքը, որը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 2022):

3․ «Մշակութային երկխոսություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Զավեն Բոյաջյանի և Ռուզաննա Բագրատունյանի «Համո Բեկնազարյան» անգլերեն պատկերագիրքը, որը Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով («Անտարես» հրատարակչություն, 2022):

4․ «Մանկապատանեկան գիրք» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն պոեմների և բալլադների ընտրանին («Էդիթ պրինտ» հրատարակչություն, 2022):

5․ «Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Գևորգ Բրուտյանի «Հայկական տարազ» հայերեն-անգլերեն պատկերագիրքը («Էդիթ պրինտ» հրատարակչություն, 2022):

Նշենք, որ «Համո Բեկնազարյան», «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը», «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» գրքերը տպագրվել են ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում