««Կրթություն և կարիերա EXPO» ամենամյա ցուցահանդեսն ուղղորդող է դպրոցականների համար». Դանիել Դանիելյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող ուսումնական հաստատությունները՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարար Ժաննա Անդրեասյանի անունից ողջունել է ներկաներին՝ իր խոսքն ուղղելով հատկապես դպրոցականներին. «ԿԳՄՍ նախարարության առանցքային քաղաքականությունն է կրթություն-գործատու կապի ամրապնդումը և կրթությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելը, ինչի ուղղությամբ իրականացվում են տարաբնույթ ծրագրեր: «Կրթություն և կարիերա EXPO» ամենամյա ցուցահանդեսը լրացնում է այդ մոտեցումը՝ ուղղորդելով դպրոցականներին՝ ուսումնասիրելու ծանոթ ու անծանոթ մասնագիտություններ, որոշելու՝ որ ուղղությամբ պետք է գնալ, ինչ ոլորտ ընտրել, և ըստ այդմ՝ ինչպիսի քաղաքացի դառնալ»: Փոխնախարարը կոչ է արել դպրոցականներին լավ սովորել և դառնալ պահանջված մասնագետ:
Դանիել Դանիելյանը շրջել է տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացել նրանց ներկայացրած նյութերին: Փոխնախարարը հետաքրքրվել է ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերով, հնարավորություններով և առկա խնդիրներով:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել աշխատանք փնտրողների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններին՝ իրենց կրթական նոր ծրագրերով:
Կարծիքներ