2023-ի 1-ին եռամսյակում արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը` 89.1 տոկոսով
2023 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների աճով. նպաստումը` 6.6 տոկոսային կետ: Տնտեսության մյուս ճյուղերի աճերը եւս նպաստել են տնտեսական ակտիվությանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, հայտնում են Ազգային ժողովից:
Ըստ ֆինանսների նախարարի՝ 2023 թվականի առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում շարունակվել են տնտեսական աճեր դիտվել, բացառությամբ՝ Ռուսաստանի:
Նրա հավաստմամբ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների աճը գնահատվում է մոտ 77.4 տոկոս՝ պայմանավորված արտաքին պահանջարկի, ինչպես նաև ՌԴ ներմուծման շուկաների սահմանափակման արդյունքում դեպի ՌԴ արտահանման ծավալների աճով: Հաշվետու ժամանակահատվածում ապրանքների և ծառայությունների ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 47.4 տոկոսով:
Մշակող արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել այլ, ոչ մետաղական հանքային, ոսկերչական, ծխախոտային արտադրատեսակների, պոլիգրաֆիական գործունեության, ինչպես նաև խմիչքների արտադրության ծավալների աճով:
Առևտրի 21.0 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է եղել մեծածախ առևտրի աճով:
Նշվել է, որ ներդրումների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ շուրջ 11.6 տոկոս աճը պայմանավորված է մասնավոր ներդրումների աճով: Պետական ներդրումների նվազումը բացասաբար է նպաստել ընդհանուր ներդրումների աճին: Մասնավոր ներդրումների վրա դրական ազդեցություն է ունեցել հիպոտեկային և շինարարության վարկերի ծավալների աճը:
Տնտեսական բարձր ակտիվության պայմաններում հունվար-մարտին վարձու աշխատողների թիվը և աշխատավարձերն աճել են: 2023 թվականի հունվար-մարտին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.4 տոկոսով՝ կազմելով 47,826 մարդ: Միևնույն ժամանակ վարձու աշխատողների թիվն աճել է շուրջ 6.1 տոկոսով՝ կազմելով 699,239 մարդ:
Անդրադառնալով գնաճին՝ նախարարը փաստել է, որ 12-ամսյա գնաճը մարտին կազմել է 5.4 տոկոս` գտնվելով ԿԲ թիրախային միջակայքի վերին հատվածում, իսկ միջին գնաճն առաջին եռամսյակում եղել է 7.2 տոկոս: 2023 թվականի առաջին եռամսյակում ԿԲ-ն ձեռնպահ է մնացել քաղաքականության տոկոսադրույքի փոփոխություններից:
Վահե Հովհաննիսյանը նշել է, որ արտաքին ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել է 4248.1 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 2 անգամ: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել են դոլարային արտահայտությամբ արտահանման և ներմուծման երկնիշ աճեր. արտահանումն աճել է 2.3 անգամ` կազմելով 1664.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 89.1 տոկոսով՝ կազմելով 2583.3 մլն ԱՄՆ դոլար:
Նշվել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 483.6 մլրդ դրամ, ծախսերը` 422.7 մլրդ դրամ, հավելուրդը՝ 60.9 մլրդ դրամ: Բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է եռամսյակային ծրագրային ցուցանիշի գերակատարում, մինչդեռ ծախսերը զիջել են ծրագրված ցուցանիշը, արդյունքում նախատեսված պակասուրդի փոխարեն արձանագրվել է հավելուրդ: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտների 13.7 տոկոս (58.2 մլրդ դրամ) աճը պայմանավորված է հարկային եկամուտների աճով, իսկ ծախսերի 6.5 տոկոս (25.9 մլրդ դրամ) աճը՝ հիմնականում նպաստների, կենսաթոշակների և դրամաշնորհների աճով:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 483.6 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 3.9 տոկոսով գերազանցելով եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: 482.7 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 104.7 տոկոսը, 969.9 մլն դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 78.2 տոկոսով զիջել են ծրագրված ցուցանիշը: 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.7 տոկոսով կամ 58.2 մլրդ դրամով, որը պայմանավորված է հարկային եկամուտների աճով:
Ֆինանսների նախարարը նաև նշել է, որ 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատությամբ դրամային արտահայտությամբ աճել է 45.6 մլրդ դրամով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 261.7 մլն ԱՄՆ դոլարով: Դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքի աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության պարտքի 251.7 մլն ԱՄՆ դոլարի աճով, որը գրանցվել է ներքին պարտքի աճի հաշվին:
2023 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 97.8 մլրդ դրամով կամ 5.9 տոկոսով:
Նշվել է, որ Կառավարության սկզբնական ծրագրով 2023 թվականի առաջին եռամսյակի համար սահմանվել էր 447.0 մլրդ դրամ հարկերի ու տուրքերի ստացում: Կատարված փոփոխությունների արդյունքում 2023 թվականի առաջին եռամսյակի ճշտված ծրագիրը կազմել է 447.2 մլրդ դրամ, որի դիմաց ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 461.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 3.2 տոկոսով գերազանցել են առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվել են պետական պարտքի սպասարկմանը, գործազրկությանը, պետական հատվածում աշխատավարձերի բարձրացմանն ու այլ խնդիրների:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է՝ ի՞նչն է պատճառը, որ հարկերն ավելի դանդաղ են հավաքագրվել, քան տնտեսական աճը և արդյո՞ք անհրաժեշտ է շրջանառության հարկի համակարգն օրենսդրորեն բարեփոխել: Գևորգ Պապոյանը նաև հետաքրքրվել է՝ ոլորտներից եկող հարկերը ավելացե՞լ են, թե՝ ոչ:
Ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկային մարմինն ապահովել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը: Ըստ նրա՝ 176 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքագրվել: Գերակատարումը 24.4 տոկոս է: ՊԵԿ նախագահի հավաստմամբ օրենսդրական փոփոխության արդյունքում հանվել է մետաղի տուրքը, ինչը բացասական է ազդել այդ ոլորտի հարկային ցուցանիշի վրա: Նշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել փոխել հարկերի հավաքագրման դինամիկան:
Գևորգ Պապոյանը փաստել է, որ արձանագրված թվերը հուշում են ոլորտներում աշխատելու ուղղությունները: Նա անդրադարձել է նաև գրանցված շեղումներին:
ՀՀ ֆինանսների նախարարը, անդրադառնալով շրջանառության հարկատեսակին, փաստել է, որ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն հարկատեսակի համակարգի զարգացմանը:
Որոշակի խնդիրների առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Կարծիքներ