ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«33 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն: Աբդուլլա Շահիդը սխալ է եղել՝ ջնջելով իր թվիթը, տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,-նշել է Ֆրենկ Փալոնը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի և Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի ուղեկցությամբ: Այցի վերաբերյալ Աբդուլլա Շահիդը գրառում էր կատարել «Թվիթեր»-ում, այնուհետև ջնջել էր այն:
Կարծիքներ