Խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանք է. ՄԻՊ

Խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանք է. ՄԻՊ

Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շարունակելով.

Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ խաղաղ բնակչի սպանությունը, նրա կյանքի իրավունքի բացահայտ դիտավորությամբ անօրինական խախտում է:

Այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում