Ազատ ոճի 3 հայ ըմբիշ դուրս է եկել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Ազատ ոճի 3 հայ ըմբիշ դուրս է եկել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Այսօր Հայաստանի՝ մրցագորգ ելած 4 ներկայացուցիչներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ շարունակելով պայքարը մեդալների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:


57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 4-9 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիին: Եթե վրացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ նախ 10-2 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Լարիցին, ապա ¼ եզրափակիչում 11-1 հաշվով առավելության է հասել գերմանացի Լեոն Գերշտենբերգերի նկատմամբ և դուրս եկել կիսազրափակիչ: ½ եզրափակիչում Մարգարյանի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչ Այուբ Մուսաևը:

70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:6 հաշվով հաղթել է Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին և դուրս եկել ½ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի բուլղարացի Իվան Ստոյանովի հետ:


79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն էլ քառորդ եզրափակիչում 10-5 հաշվով հաղթել է լեհ ըմբիշին, իսկ կիսաեզրափակիչում կգոտեմարտի Հունաստանի ներկայացուցչի հետ:


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Մ23 տարեկանների ԵԱ-ին կմասնակցեն նաև 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ավելի վաղ 3 բրոնզե մեդալ էր նվաճել Պլովդիվում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր էին դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում