3 անձի մահվան ելքով ողբերգական վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

3 անձի մահվան ելքով ողբերգական վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երեան-Սևան-Իջևան ավտոճանապարհին երեք անձի մահվան ելքով ավտովթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել:

2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը:

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների կողմից գետից դուրս են բերվել Երևան քաղաքի բնակիչ 61-ամյա Հ.Հ-ի, Արմավիրի մարզի Վաղարշապատ բնակավայրի բնակչուհի, 8-ամյա Լ. Մ.-ի, ապա նաև ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի 69-ամյա բնակիչ Ս.Կ.-ի դիերը:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է, որ Ս.Կ-ն և Հ.Հ.-ն ամուսիններ են, Լ. Մ.-՝ նրանց թոռնուհին: Իսկ ավտոմեքենան պատկանում է "Սա..." ՍՊԸ-ին, որտեղ Ս.Կ-ն աշխատում էր որպես վարորդ։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Իրականացվում է նախաքննություն վթարի պատճառը, դրան նպաստած հնարավոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում