Բուրկինա Ֆասոյի հյուսիսում հարձակման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Առնվազն 10 խաղաղ բնակիչ և Բուրկինայի անվտանգության ուժերի ինը անդամներ անհայտ զինված անձանց կողմից սպանվել են երկրի հյուսիսում՝ Սանմատենգա նահանգում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուսեյնի Թամբուրին։
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Նոյեմբերի 14-ին Բուրկինա Ֆասոյի հյուսիսում՝ Սում նահանգում, ժանդարմերիայի դիրքի վրա զինյալների կողմից զինված հարձակման արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 53 մարդ։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։
Բուրկինա Ֆասոն վերջին երեք տարիների ընթացքում դարձել է Արևմտյան Աֆրիկայում իսլամիստական խմբավորումների ահաբեկչական գործունեության էպիկենտրոնը: Երկրում գործում են «Իսլամական պետություն Մեծ Սահարայում» խմբավորումը, որը հանդիսանում է «Իսլամական պետության» կառույցը և «Անսար ուլ Իսլամը»։ Այս ընթացքում ահաբեկիչները սպանել են ավելի քան 1000 խաղաղ բնակչի, բռնությունների պատճառով ավելի քան 1,5 միլիոն մարդ լքել է իր տունը և դարձել փախստական։
Կարծիքներ