«Կանաչ մաքսատուն» առարկայի դասավանդմանը նվիրված եռակողմ համագործակցության հուշագիր կնքվեց
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը համագործակցության հուշագիր են կնքել։ Այս մասին գրում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։
«Բնապահպանական խնդիրներն իրենց բնույթով անդրսահմանային են, ունեն գլոբալ ազդեցություն, և դրանք հնարավոր է արդյունավետորեն լուծել միմիայն միջազգային համագործակցության և համընդհանուր հանձնառության միջոցով: Այդպիսի համագործակցության հնարավորություն մեզ ընձեռում են բազմակողմանի բնապահպանական համաձայնագրերը։
«Կանաչ Մաքսատուն» նախաձեռնությունը, որպես աննախադեպ ոչ ֆորմալ համագործակցության ձևաչափ, նպատակ է հետապնդում՝ կանխելու շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ապրանքների և նյութերի ապօրինի առևտուրը, ինչպիսիք են օզոնաքայքայիչ նյութերը, թունաքիմիկատները, վտանգավոր թափոնները, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները, վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակները»,- նշել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Հուշագիրը նպատակն է՝
«Կանաչ Մաքսատուն» առարկայի շրջանակներում ոլորտի ապագա մասնագետների գիտելիքների ավելացումը.
Ոլորտի նկատմամբ մասնագիտական հետաքրքրասիրության ավելացումը.
Կրթական ոլորտում բազմակողմանի համագործակցությունների խթանումը.
Համագործակցությամբ կրթական գործընթացի արդյունավետության բարձրացումը.
Կրթական գործընթացի ակտիվացումը:
Հուշագրի ստորագրումից հետո պետական եկամուտների կոմիտեին է հանձնվել գազազնալիզատորներ, որոնք թույլ կտան մաքսային ծառայողներին մաքսատներում ստուգել ներկրվող օզոնաքայքայիչ նյութերի (սառնագենտների) որակի համապատասխանությունը՝ ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով: Նույն գազաանալիզատորներից մեկ օրինակ տրամադրվել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին գործնական պարապմունքներին օգտագործելու նպատակով:
Կարծիքներ