Սուեզի ջրանցքն, ի վերջո, բաց է, սակայն համաշխարհային առևտրի գործընթացը դեռ չի վերականգնվել
Սուեզի ջրանցքը գրեթե 1 շաբաթ արգելափակած վիթխարի Ever Given բեռնարկղային նավն, ի վերջո, տեղափոխվել է։ BBC-ն հաղորդում է, որ քարշակային նավերը միացրել են իրենց ազդանշանները՝ տոնելու 400 մետր երկարությամբ նավի ազատումը։
Ջրանցքով նավարկությունը կվերսկսվի տեղի ժամանակով ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով ժամը 21։00-ին)։
Հարյուրավոր նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին։ Ever Given նավը տեղափոխել են Մեծ Դառը Լիճ՝ անվտանգության ստուգումներ անելու համար։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին շնորհակալություն է է հայտնել եգիպտացիներին ջրանցքում «ճգնաժամին վերջ դնելու» իրենց ջանքերի համար։
Ever Given նավի՝ ծանծաղուտից դուրս բերելով համաշխարհային առևտրի գործընթացի խափանումը չի ավարտվի։ Լրատվամիջոցը հայտնում է, որ ջրանցքով անցնելու հերթին է սպասում ավելի քան 370 նավ, այդ թվում՝ բեռնարկղային նավեր, նավթատարներ և այլն։ Դա կարող է մի քանի օր տևել։
Անխուսափելիորեն, բեռներն իրենց նշանակետին կհասնեն նախատեսվածից շատ ավելի ուշ։ Նավարկության հետագա գրաֆիկները ևս հետաձգվել են։ Ըստ BBC-ի՝ այս միջադեպի հետևանքով Եվրոպա ապրանքների առաքման գինը կարող է աճել։
Նավը ծանծաղուտից հանել էին այսօր վաղ առավոտյան։ Այնուհետև կեսօրին տեղեկություններ էին տարածվել, որ ուժգին քամու պատճառով նավը կրկին հետ է մտել ջրանցք, սակայն իրավիճակն այնքան բարդ չի եղել։ Այն հաջողվել է քարշակով հասցնել Դառը լիճ։
Ever Given բեռնարկղային նավը, որն ունի 400 մետր երկարություն և 224 հազար տոննա բեռնունակություն, Չինաստանից Նիդերլանդներ էր ուղևորվում։ Մարտի 23-ին այն Սուեզի ջրանցքում հայտնվել էր ծանծաղուտում՝ ամբողջովին արգելափակելով երթևեկությունը։
Սուեզը, որը Միջերկրական ծովը Եգիպտոսի միջոցով կապում է Կարմիր ծովին, աշխարհի ամենաբանուկ առևտրային ուղիներից է։
Կարծիքներ