ԱՄՆ-ը դադարեցնում է առեւտրային կապերը Մյանմայի հետ
Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Մյանմայի հետ բոլոր առեւտրային կապերը դադարեցնելու մասին:
Առեւտրային համագործակցությունը կդադարեցվի «մինչեւ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության վերադարձը»,- ասված է ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչ Քեթրին Թայի գրասենյակի հայտարարության մեջ: Առեւտրի դադարեցման մասին որոշումն ուժի մեջ կմտնի «անմիջապես»: «Միացյալ Նահանգներն աջակցում է Բիրմայի ժողովրդին` ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը վերականգնելու ջանքերում, որը Բիրմայի տնտեսական աճի եւ բարեփոխումների հիմքն է հանդիսացել»,- ասվում է Թայի հայտարարության մեջ, որտեղ օգտագործվում է Մյանմայի մյուս անվանումը:
Մյանմայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման դեմ ցույցերի ընթացքում ավելի քան 100 խաղաղ բնակիչ, այդ թվում երեխաներ են սպանվել հանգստյան օրերին:
Նախագահ Ջո Բայդենը բռնությունն անվանել է «սարսափելի» եւ «բացարձակ վրդովեցուցիչ»: «Իմ ստացած հաղորդագրություններից դատելով՝ ահավոր շատ մարդիկ անտեղի են սպանվել»,- ասել է Բայդենը նախորդ օրը:
Անցյալ շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր Մյանմայի զինվորականների, այդ թվում՝ Մյանմայի ոստիկանապետ Թան Հլայնի եւ Հատուկ գործողությունների բյուրոյի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Աուն Սոյի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին:
Զինվորականները զավթել էին իշխանությունը այն բանից հետո, երբ հայտարարել էին, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունները, որոնցում հաղթել է քաղաքական առաջնորդ Աուն Սան Սու Չժիի «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությունը, կեղծվել են:
Կարծիքներ