Վերին Արտաշատում փեսան կրակել է աներոջ ուղղությամբ, հարվածել նրան՝ պահանջելով տուն տանել իր նախկին կնոջը

Վերին Արտաշատում փեսան կրակել է աներոջ ուղղությամբ, հարվածել նրան՝ պահանջելով տուն տանել իր նախկին կնոջը

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղում քաղաքացին զենքով և նռնակով զինված մտել է ինչ-որ տուն և սպառնացել է տան անդամներին մորթել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանները, ովքեր պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի Իսակովի փողոցի տներից մեկն է այցելել նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Գոռ Ա.-ն, ով ցանկացել է իր նախկին կնոջը տուն տանել:

Ըստ 41-ամյա տանտիրոջ՝ Վարդուհի Հ.-ի հայտարարության՝ նախկին ամուսինը հայտնել է, որ ինքը պետք է կնոջը տանի, այլապես բոլորին կսպանի և նրա ձեռքին եղել է ատրճանակ և ինչ-որ առարկա, որ նա նմանեցրել է նռնակի:

Այդ ժամանակ վիճաբանություն է առաջացել, և Գոռ Ա.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել նույն տան բնակիչ, 50-ամյա Միքայել Մ.-ի ուղղությամբ, ով նրա աներն է: Դրանից հետո աներոջը հաջողվել է փեսայի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո փեսան հարվածներ է հասցրել աներոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա տանից դիմել է փախուստի:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներին հաջողվել է ժամեր անց Գոռ Ա.-ին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ նրան և դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: 

Կայքի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք ատրճանակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում