Դոդոնը շնորհավորել է Սանդուին Մոլդովայի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը շնորհավորել է ընդդիմադիր եվրոպամետ Գործողության եւ համերաշխության կուսակցության ղեկավար Մայա Սանդուին` հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի կայացած ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկանում եմ շնորհավորել Մայա Սանդուին նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Ընտրությունների նախօրեին նա շատ էր խոսում այն մասին, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունները: Նման արդյունքից հետո ես կարծում եմ, որ նա պետք է ներողություն խնդրի այդ մեղադրանքների համար»,- ասել է Դոդոնն այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի անցկացված ընտրություններ կայացած ճանաչեց` ամփոփելով ընտրությունների արդյունքները` հիմնվելով ընտրական հանձնաժողովների մշակված 100 տոկոս արձանագրությունների վրա: Այդ տվյալների համաձայն` Սանդուն հավաքել է ձայների 36.16 տոկոսը, Դոդոնը ձայների 32.61 տոկոսով զբաղեցրել է երկրորդ տեղը:
Նախագահը նշել է, որ Սանդուն առաջին փուլում իր հաջողությունների համար պարտական է մոլդովացի միգրանտներին Արեւմուտքի երկրներում, ովքեր զանգվածաբար աջակցում էին նրեն: «Անցած երեկո մենք բոլորս նշեցինք, որ սփյուռքը շատ ակտիվ էր այս ընտրություններում: Կարող ենք փաստել, որ այդ երկրներում ընտրազանգվածը զուգահեռ կյանքով է ապրում, ունի իր քաղաքական նախընտրությունները, որոնք շատ առումներով չեն համապատասխանում Մոլդովայում բնակվող եւ աշխատող բնակչության մեծամասնությանը»,- ասել է Դոդոնը: Նրա կարծիքով` «մենք չպետք է թույլ տանք, որպեսզի երկրի նախագահը խամաճիկ լինի, որին կառավարում են դրսից: Մենք դա թույլ չենք տա, սա մեր հաստատուն դիրքորոշումն է, եւ ես համոզված եմ, որ երկրի քաղաքացիների մեծ մասը դա հասկանում է»:
Կարծիքներ