Փոխվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների կարգն ու ժամկետները
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ փոփոխվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների տեսակները, կարգը և ժամկետները: Հանձնաժողովի հաղորդագրությունը ստորև.
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Էմմա Օհանյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների տեսակները, կարգը և ժամկետները:
Որո՞նք են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների տեսակները
Հանձնաժողովն իրականացնում է բնույթով տարբեր վարչական վարույթներ, այդուհանդերձ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող խմբագրությամբ իրարից տարբերվող բոլոր վարչական վարույթների իրականացման համար առկա էին միատեսակ կարգավորումներ, այն էլ` ոչ բավարար։ Արդյունքում, թե՛ Հանձնաժողովը, թե՛ վարույթների մասնակիցները բախվում էին բազմաթիվ խնդիրների:
Դա էր պատճառը, որ Օրենքի փոփոխություններով առանձնահատուկ տեղ հատկացվեց Հանձնաժողովի կողմից վարչական վարույթների իրականացման կարգավորումներին։ Այսպես՝ սահմանվեցին Հանձնաժողովի կողմից վարչական վարույթների իրականացման ընդհանուր կարգավորումներ։ Մասնավորապես, կարգավորվեցին
վարչական վարույթի իրականացման կարգը,
ժամկետները,
_ վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի իրականացման կարգը,
- վարչական վարույթի կասեցման, վերսկսման և կարճման հիմքերը,
- վարչական ակտի ընդունման և ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը։
Միաժամանակ, Օրենքով սահմանվեցին առանձին դրույթներ վարչական վարույթների առանձին տեսակների վերաբերյալ:
Ի՞նչ վարչական վարույթներ է իրականացնում Հանձնաժողովը
համակենտրոնացման գնահատման վարույթ.
տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ.
այլ վարույթներ (վարչական բողոքի քննության, պետական օժանդակության թույլատրելիության վերաբերյալ և այլն)։
Ի՞նչ կարգով են իրականացվում վարչական վարույթները
_ համակենտրոնացման գնահատման վարույթին վերաբերող _առանձնահատկությունները կարգավորված են Օրենքի 15-րդ և 16-րդ գլուխներով.
_ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթին վերաբերող առանձնահատկությունները կարգավորված են Օրենքի 15-րդ և 17-րդ գլուխներով.
_ այլ վարույթների (պետական օժանդակության թույլատրելիության վերաբերյալ և այլն) նկատմամբ կիրառելի են Օրենքի 15-րդ գլխի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:
Ի՞նչ ժամկետներում է Հանձնաժողովն իրականացնում վարչական վարույթները
Օրենքի փոփոխություններով Հանձնաժողովի կողմից իրականացվող բոլոր վարչական վարույթների համար սահմանվել է եռամսյա ժամկետ, բացառությամբ հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի և բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վարույթների, որոնց իրականացման համար նախատեսվել է վեցամսյա ժամկետ։
Միաժամանակ, երբ Հանձնաժողովի կողմից իրականացվող տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի, բանակցային ուժեղ դիրքի չարաշահում կամ տնտեսական գործունեության արգելված համակարգում է, ապա այդ վարչական վարույթի իրականացման համար նախատեսվում է վեց ամիս ժամկետ»։
Կարծիքներ