«Ռաֆահ» հսկիչ անցակետով գրեթե 450 ավտոմեքենա մոտ 9 հազար տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել Գազա
Եգիպտոսի հետ սահմանի «Ռաֆահ» անցակետով մինչ այժմ մոտ 450 բեռնատար է մտել Գազայի հատված։ Այս տվյալները տրամադրել է Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերությունը, որը ՄԱԿ-ի հետ միասին պատասխանատու է Եգիպտոսի տարածքից պաղեստինյան անկլավի բնակիչներին օգնություն հասցնելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Այս պահի դրությամբ «Ռաֆահ» հսկիչ անցակետով Գազա է անցել 448 ավտոմեքենա, որոնք 9 հազար տոննա մարդասիրական օգնություն են հասցրել հատվածի բնակչությանը», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Եգիպտոսի Կարմիր մահիկում հայտնել են, որ հոկտեմբերի 21-ից Գազա ուղարկված օգնության գրեթե կեսը բաղկացած է պարենային ապրանքներից, մեկ քառորդը` բժշկական պարագաներից ու դեղորայքից:
Ընկերությունում նշել են, որ հոկտեմբերի 12-ին Գազայի պաղեստինցիներին օգնության առաքման օդային կամրջի գործողության սկզբից ի վեր մարդասիրական օգնությամբ 81 ինքնաթիռներ են վայրէջք կատարել Եգիպտոսի Էլ Արիշ քաղաքի միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Սինայի թերակղզու հյուսիսում։ Բեռները տեղ են հասցվել 19 տարբեր պետությունների ինքնաթիռներով։
Ավելի վաղ Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր տնօրեն Ռամի ան Նազերը հայտնել էր, որ մարդասիրական օգնության պաշարները, որոնք տարբեր երկրներ և կազմակերպություններ ուղարկում են Եգիպտոս՝ Գազայի հատվածի բնակիչներին հետագա առաքման համար, գործնականում սպառվել են: Նա դիմել է բոլոր պետություններին` պաղեստինյան անկլավի բնակչության համար օդային ճանապարհով բեռների առաքումը Եգիպտոս շարունակելու կոչով։
Նախքան հոկտեմբերի 7-ին Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի մեկնարկը օրական շուրջ 500 բեռնատար էր մտնում Գազա։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Գազայի հատվածի 1,2 միլիոն բնակիչներն արդեն իսկ կախված էին պարենային օգնությունից։
Կարծիքներ