«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլը:
Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 182 և 65 ավագ դպրոցներ:
Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: ԿԳՄՍ փոխնախարարը ողջունել է մանկավարժներին և նշել. «Մենք այսօր կրթական բարեփոխումների բարդ ժամանակաշրջանում ենք գտնվում, երբ դպրոցում բազմաթիվ գործընթացներ ակտիվ փոփոխության մեջ են՝ իրենց հետ բերելով նաև որոշակի բարդություններ: Եվ ուսուցչական համաժողով անցկացնելու նպատակն է հնարավորություն տալ մանկավարժներին՝ կիսվելու իրենց լավագույն փորձով, բարձրացնելու այն խնդիրներն ու հիմնահարցերը, որոնց բախվում են այս ընթացքում, և գտնել անհանգստացնող հարցերի պատասխանները»: Նա շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին կատարած բարդ աշխատանքի համար՝ վստահեցնելով, որ համատեղ ջանքերով կհաջողեն կրթական բարեփոխումներում:
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ արձանագրված հաջողությունները հուշում են ճիշտ ճանապարհով գնալու մասին, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է լսել խնդիրները, որոնք պետք է գտնեն իրենց լուծման ուղիները. «Մենք շահագրգռված ենք լսելու մանկավարժների կարծիքները և անհանգստությունները, որոնք կարևոր ազդակներ են մեզ համար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նա անդրադարձել է նաև հանրակրթության նոր չափորոշչի՝ Տավուշում արձանագրած հաջողությանը, որը, ըստ փոխնախարարի, մեծածավալ աշխատանքի արդյունք էր. «Հատկապես ոգևորիչ էր, որ գնահատողը միջազգային հեղինակավոր փորձագետներ են, որոնց եզրակացությամբ՝ Հայաստանը նմանատիպ կրթական փոփոխություն ունեցող երկրների շարքում աշխարհում լավագույններից մեկն է. եթե այլ երկրներում արձանագրվել է 3-4 ամսվա կրթական աճ, ապա մեզ մոտ՝ 6 ամսվա»: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն ընդգծել է մենթոր դպրոցների դերը՝ փորձի տարածման և ուսուցիչների ձայնը լսելի դարձնելու տեսանկյունից:
Նախարարի տեղակալը նաև նշել է՝ մոտ մեկ տարի առաջ Էստոնիայի Հանրապետությունում ծանոթացել է կրթության ոլորտում կիրառվող փորձին, որը կարող է օգտակար լինել մեր երկրում պետական չափորոշչով նախանշված վերջնարդյունքը ձևավորելու տեսանկյունից. «Էստոնիայում հանրակրթության ոլորտում կիրառվում է միջառարկայական մոդելը, որն ամբողջովին փոխում է երեխայի աշխարհընկալումը և սովորելու մոտիվացիան: Էստոնական դպրոցների կառավարման մեջ մեծ են նաև ծնողների դերակատարությունը, ծնողների՝ իրենց երեխաների ուսման հանդեպ պահանջատեր լինելը, նրանց արձագանքները, որոնք էլ ավելի են պարտավորեցնում ուսուցիչներին վերապատրաստվել՝ նոր մարտահրավերներին պատրաստ լինելու համար»:
Համաժողովի խորագրի մասին խոսելով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է՝ հաջողակ մարդ դառնալու գործընթացում անգնահատելի դեր ունի դպրոցը, և ուսուցչական համաժողովի խորագիրը պետության ուժեղացման համատեքստում է ընտրվել:
Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց, շրջել աշխատարաններում, լսել ուսուցիչների զեկուցումները և հանդես եկել ողջույնի խոսքով:
Համաժողովին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից 700 ուսուցիչներ, որոնք ներկայացրել են 611 զեկուցումներ՝ սահմանված 4 թեմատիկ ուղղություններով։
Համաժողովի ուղղություններն են՝
ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ,
կրթության դերը պետության զարգացման գործում,
կարողունակահեն կրթությունը՝ քաղաքացիական հասարակության զարգացման խթան,
կրթությունը թվային հասարակության մեջ. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։
Կարծիքներ