Թբիլիսիից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու՝ Զելենսկու որոշումն անընդունելի է. Կոբախիձե
Վրաստանում Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու վերաբերյալ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու որոշումն անընդունելի և չարդարացված քայլ է: Այդ մասին հայտնել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Այդ որոշումն անընդունելի է և չարդարացված, այդ թվում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ Վրաստանն արել է Ուկրաինայի համար վերջին օրերին»,- ասել է Կոբախիձեն:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ խորհրդակցությունների նպատակով Թբիլիսիից հետ է կանչում Ուկրաինայի դեսպանին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նկատմամբ դիրքորոշման, ինչպես նաև Ուկրաինային օգնել ցանկացող կամավորների համար արգելքներ ստեղծելու պատճառով:
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Զելենսկու որոշումն անհասկանալի է: Նրա խոսքով՝ չնայած այդ որոշմանը՝ Վրաստանը շարունակելու է քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ հնարավորությունների շրջանակում:
Կարծիքներ