«Մենք հիասթափված ենք Թուրքիայի կառավարության՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումից». ԱՄՆ պետդեպ

«Մենք հիասթափված ենք Թուրքիայի կառավարության՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումից». ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ «հիասթափված է» Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումից, գրում է The Hill-ը։

«Մենք հիասթափված ենք Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության որոշումից։ Այդ շենքը «Ստամբուլի պատմական կառույցների» կարևոր մասն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում՝ ի նշան դրա հարուստ բազմամշակութային պատմության ճանաչման»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։

«Մենք հասկանում ենք, որ թուրքական կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Սուրբ Սոֆիայի տաճար բոլոր այցելուների մուտքն ապահովելու քաղաքականությանը, և ակնկալում ենք լսել Սուրբ Սոֆիայի տաճարի հետագա կառավարման ծրագրերը, որոնք կապահովեն բոլոր այցելուների անարգել մուտքը»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում:

Ինչպես գրում է պարբերականը, Էրդողանի որոշումը խիստ քննադատվել է Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշի և բարձրաստիճան անդամ Բոբ Մենենդեսի կողմից, որոնք Էրդողանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը որակել են «ամբողջ աշխարհում քրիստոնյաների համար խորը վիրավորանք»։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու նախագահ Էրդողանի որոշումը։ Իր պատմության տարբեր ժամանակահատվածներում Սուրբ Սոֆիայի տաճարը մահմեդականների և քրիստոնյաների համար ծառայել է որպես պաշտամունքի վայր և տասնամյակներ շարունակ եղել է արտասովոր և հյուրընկալ վայր բոլոր դավանանքների մարդկանց համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) ուրբաթ չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում