Ռուսաստանում 4 օր շարունակ COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

Ռուսաստանում 4 օր շարունակ COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

Ռուսաստանում 4 օր շարունակ կորոնավիրուսի ռեկորդային նոր դեպքեր են արձանագրվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կիրակի օրվա տվյալներով՝ մեկ օրում Covid-19 է հայտնաբերվել 34 303 մարդու մոտ։ Վերջին օրերին մահվան օրական դեպքերի թիվը շուրջ 1000 է, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։

Ամենամեծ թվով դեպքերը բաժին են ընկնում Մոսկվային, Սանկտ-Պետերբուրգին և Մերձմոսկովյան շրջանին։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճ է դիտվում սեպտեմբերից. այն է՛լ ավելի է աճել հոկտեմբերից։ Ըստ լրատվամիջոցի՝ դա պայմանավորված է նրանով, որ այնտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության ընդամենը 35 %-ը (146 միլիոն բնակչությունից թեկուզ մեկ դեղաչափով պատվաստվել է 51 միլիոն մարդ)։

Հիվանդության աճ է դիտվում աշխարհի տարբեր երկրներում սեզոնային հիվանդությունների պատճառով, սակայն պատվաստման ցածր ցուցանիշներով երկրներում մահվան ելքերն ավելի շատ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում