Բայդենը ներում է շնորհել որդուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն ՝ Հանթեր Բայդենին, ով մեղավոր էր ճանաչվել և երկու քրեական գործերով սպասում էր դատավճիռների. հայտնում է BBC-ն։
«Այս պաշտոնում առաջին իսկ օրվանից ես ասում էի, որ չեմ միջամտելու արդարադատության նախարարության որոշումների կայացմանը, և ես պահեցի իմ խոսքը նույնիսկ այն ժամանակ, երբ տեսա, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդարացիորեն հետապնդում»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Դեռ սեպտեմբերին և Բայդենը, և նրա մամուլի քարտուղարը հավաստիացնում էին, որ նախագահը չի պատրաստվում որդուն ներում շնորհելու հրամանագիր արձակել:
Հունիսին ատենակալները 54-ամյա Հանթեր Բայդենին մեղավոր էին ճանաչել այն բանում, որ նա 2018 թվականին զենք գնելիս թաքցրել էր թմրամոլ լինելու փաստը:
Բայդեն կրտսերը դարձել է ԱՄՆ պատմության մեջ գործող նախագահի առաջին որդին, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության համար: Այնուհետև, սեպտեմբերին, Հանթեր Բայդենն ինքն էր ընդունել մեղքը հարկերից խուսափելու գործով։
Կիրակի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ Ջո Բայդենը պնդում է, որ իր որդու նկատմամբ դատավարությունները «վարակվել են քաղաքականությամբ». «Երբ ես այս հանգստյան օրերին կայացրեցի այդ որոշումը, դրա կատարումը հետաձգելն այլևս իմաստ չուներ։ Հուսով եմ, որ ամերիկացիները կհասկանան, թե ինչու է հայրն ու նախագահը եկել նման որոշման»,- ասվում է հայտարարության մեջ։
Հանթեր Բայդենը նույնպես հայտարարություն է տարածել՝ ասելով, որ այն իր թույլ տված սխալներն օգտագործվել են քաղաքական նպատակներով՝ հրապարակայնորեն նվաստացնելու և խայտառակելու Բայդենի ամբողջ ընտանիքը:
Հանթեր Բայդենի դատավճիռները պետք է կայացվեին դեկտեմբերի 12-ին և 16-ին: Երկրորդ գործով՝ 2016-2019 թվականներին 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու գործով, նրան սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում։
Կարծիքներ