Պատմությունից դասեր չենք քաղել՝ այսօր դեռևս կան անմեղ մարդիկ, ովքեր գերի են պահվում և սպանվում իրենց էթնիկ պատկանելության համար. Կովաչև
Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերի մշտական զեկուցող, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ընդգծել է, որ չի կարելի մոռանալ և թույլ տալ ողբերգական իրադարձությունների կրկնություն:
«Ապրիլի 24-ին մենք հիշում ենք այն աննախադեպ ողբերգությունը, որը տառապանքներ է պատճառել միլիոնավոր հայերին Օսմանյան կայսրությունում՝ ավելի քան մեկ դար առաջ:
Ամեն տարի մենք հարգանքի տուրք ենք մատուցում զանգվածային սպանությունների զոհերի հիշատակին: Այդպիսի ողբերգությունները պետք է հիշվեն նման աղետներ այլևս երբեք թույլ չտալու նպատակով: Պատմությունը չպետք է կրկնվի:
Ցավոք, մենք ականատես ենք լինում այն հանգամանքին, որ պատմությունից դասեր չենք քաղել: Այսօր դեռևս կան անմեղ մարդիկ, ովքեր գերի են պահվում, դատապարտվում և սպանվում են միայն իրենց էթնիկ պատկանելության համար: Մենք պետք է շարունակենք պայքարել՝ պաշտպանելու համար նրանց իրավունքները և արժանապատվությունը:
Մենք երբեք չպիտի մոռանանք և թույլ տանք մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կրկնությունը: Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ, և թող Աստված ուժ և իմաստնություն տա ողջերին՝ չկրկնելու անցյալի ողբերգությունները»,- նշել է ԵԺԿ փոխնախագահը:
Կարծիքներ