Չեխիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Չեխիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցել է Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի կենտրոնական պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Ներկա էին քաղաքապետ Մարեկ Չեխմանն ու նրա տեղակալ Լիբոր Լեշակը և նախաձեռնության հեղինակ, քաղաքային խորհրդի անդամ Թելման Ներսիսյանը։ Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը:

 

Արարողությանը մասնակցել և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խոսքով հանդես է եկել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան։ Ելույթ են ունեցել նաև Հայոց ցեղասպանության մասին գրքի չեխ հեղինակ Մարեկ Յանդակը և Պրահայի Ռժեպորիյի համայնքապետ Պավել Նովոտնին, ում ղեկավարության ներքո Արցախյան պատերազմի օրերին համայնքը հանդես է եկել հայ ժողովրդի սատարմամբ և Արցախի ճանաչմամբ։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմելով՝ դեսպան Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել Թելման Ներսիսյանին՝ նախաձեռնության և քաղաքային իշխանություններին՝ նախաձեռնությանն իրենց աջակցության, ինչպես նաև Չեխիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կարևորությանը՝ ժխտողականության դեմ պայքարի և ցեղասպանությունների կանխարգելման գործում։

Դեսպանը խոսել է նախորդ տարի Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայի ցեղասպան մտադրությունների, հայերի բնաջնջման և հայ պատմամշակութային ժառանգության ոչնչացման փորձերի դեմ հայ ժողովրդի կողմից տարվող գոյութենական պայքարի, ապրելու և ստեղծագործելու անկոտրում ոգու և այդ համատեքստում նշյալ խաչքարի տեղադրման խորհրդանշական դերակատարության մասին։ Դեսպանը նաև կարևորել է ձեռնարկի նշանակությունը Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում