Արցախ մուտք գործելու համար պարտադիր ՊՇՌ թեստի պահանջը հանվեց. չեն գործի նաեւ ելքի սահմանափակումները

Արցախ մուտք գործելու համար պարտադիր ՊՇՌ թեստի պահանջը հանվեց. չեն գործի նաեւ ելքի սահմանափակումները

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ, համաձայն որոնց՝ հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են:

Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը, սակայն սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու արտաքին զննություն:

«Ելքի և մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Ելքի և մուտքի սահմանափակումների հանմանը զուգահեռ ուժեղացվելու են հանրապետությունում հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը՝ կոչ անելով մեր համաքաղաքացիներին ու հյուրերին ցուցաբերել առավելագույն զգոնություն և խստագույնս հետևել համավարակի կասեցման համար սահմանված կանոններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում