Փրկարարները Հրազդանից դուրս են բերել գետն ընկած ավտոմեքենան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ժամը 17։58-ին դեպքի վայր ժամանած փրկարարական խումբը Հրազդան գետից դուրս է բերել այնտեղ մարտի 17-ի լույս գիշերն ընկած «Mercedes-Benz» ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
«Հիշեցնենք, մարտի 17-ին, ժամը 02։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանի հարևանությամբ, ավտոմեքենան ընկել է գետը․ վարորդը և ուղևորը չեն կարողանում դուրս գալ գետից։
Փրկարարները գետից դուրս են բերել Կ․ Ա․-ին (ծնված 2001 թ․) և Գ․ Ս․-ին (ծնված 1981 թ․)։
Կ․ Ա․-ն և Գ․ Ս․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Կ․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ․ Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Կարծիքներ