Գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնման 60-ամյակին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 2-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակին։
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ)։
Դիրիժորներ՝ Վահան Մարտիրոսյան, Զավեն Վարդանյան, Հմայակ Դուրգարյան, Ռոբերտ Մլքեյան։
Ծրագրում կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի, Կոմիտաս/Զարեհ Սահակյանցի, Էդվարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործությունները։
Նշենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962 թվականին` ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության` Զարեհ Սահակյանցը կարողացել է իր շուրջ համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների: Կարճ ժամանակում նվագախումբը ձեռք է բերել մեծ համբավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Զարեհ Սահակյանցը թողել է կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթներ, որոնք ժառանգել և շենացրել են նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը (1975 թ.-ից), Ռուբեն Ահարոնյանը (1982 թ.-ից):
1997 թ. նվագախումբը միավորվել է Զավեն Վարդանյանի ղեկավարած Երևանի կամերային նվագախմբի հետ (գործել է 1979 թ.-ից): Արդյունքում կազմավորվել է ներկայիս ՀՊԿՆ-ը, որի ղեկավարությունը ստանձնել է անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: 2011 թվականից մինչ օրս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:
Նվագախումբը մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտական մշակույթի տարածման և արմատավորման գործում:
Կարծիքներ