Գիտնականները կորոնավիրուսի հիբրիդային շտամ են հայտնաբերել
Ամերիկացի փորձագետները հայտնաբերել են կորոնավիրուսի հիբրիդային տարբերակ, որը հայտնվել է SARS-CoV-2-ի 2 շտամերի միաձուլման արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Կորոնավիրուսի նոր տեսակը հայտնաբերել է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի աշխատակից Բեթ Կորբերը: Նրա կարծիքով, հիբրիդային վիրուսը առաջացել է բրիտանական B.1.1.7- ի և ԱՄՆ-ում ի հայտ եկած B.1.429- ի միաձուլումից:
Մինչ այժմ վիրուսի նոր տարբերակով վարակվելու միայն մեկ դեպք է գրանցվել, բայց այլ դեպքեր բացառել հարկավոր չէ, նշում են մասնագետները: Բացի այդ, դեռևս հավաստի տվյալներ չկան շտամի վարակելիության և COVID-19 պատվաստանյութերի նկատմամբ նրա դիմադրողականության վերաբերյալ:
Գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսի հիբրիդային տարբերակը կարող է առաջանալ այն պատճառով, որ վիրուսի տարբեր շտամերը վարակել են նույն բջիջը, որից հետո բջիջը բազմացել է գեների նոր տարբերակներով:
Նախկինում փորձագետները կարծում էին, որ հիբրիդի նման տարբերակի առաջ գալը քիչ հավանական է, քանի որ այն պահանջում է շատ հատուկ պայմաններ:
Կարծիքներ