Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայ համայնքը ցույց է անցկացրել` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան
Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայկական համայնքը ցույց է անցկացրել ի պաշտպանություն Հայաստանի` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Ալիկանտե հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանն ասել է, որ ցույցին մասնակցել են հայեր ոչ միայն Ալիկանտեից, այլև հարևան քաղաքներից:
«Հայերով հավաքվել էինք քաղաքապետարանի շենքի մոտ: Ցույցի նպատակը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիան դատապարտելն էր: Ցույցին ներկա են եղել Ալիկանտե քաղաքի ընդդիմադիր երկու կուսակցության նախագահներ»,-ասել է նա:
Քոչարյանն ընդգծեց, որ տեղի համայնքը բավական ակտիվ է: Նման նախաձեռնություններով համայնքը հանդես է եկել նաև քառօրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ:
«Առաջիկայում երթ ենք նախատեսում, սպասում ենք թույլտվության: Երթի ընթացքում վեր են հանվելու Ադրբեջանում գտնվող գերիներին ազատ արձակելու , ինչպես նաև վայրագներին հայկական հողից դուրս հանելու պահանջները»,-ասել է նա՝ հավելելով, որ խաղաղությանը միտված երթը սկսելու է հրապարակից և ձգվելու է մինչև Ալիկանտեի քաղաքապետարան:
Ալիկանտեի համայնքը գործում է 2007 թվականից: Առաջին հայկական խաչքարը Իսպանիայում դրվել է Ալիկանտե քաղաքում 2008 թվականին: Այնտեղ գործում է հայկական դպրոց` 83 աշակերտով:
Կարծիքներ