Երևանի և Նիցցայի 15-ամյա գործակցությունը նոր հիմքերի վրա կդրվի. Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին

Երևանի և Նիցցայի 15-ամյա գործակցությունը նոր հիմքերի վրա կդրվի. Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սարգսյանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար:

«Անդրադառնալով երկուստեք հարաբերություններին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության ընդլայնումը, և ընդգծել, որ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ Նիցցայի հետ ևս առարկայական ծրագրեր իրականացնելու առնչությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գաել Նոֆրին Երևանի քաղաքապետին է փոխանցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի աջակցությունը՝ ընդգծելով, որ այս օրերին Հայաստան իրենց այցը ևս վկայում է բարեկամ երկրի կողքին լինելու և սատարելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն ուղղությունները, որոնք նոր թափ կհաղորդեն երկու քաղաքների 15-ամյա գործակցությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում