Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 4-ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների 24-րդ գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների վիճակը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը, Թել Ավիվի Լիբանանի միջև առկա տարաձայնությունները, տարածաշրջանային ու միջազգային այլ խնդիրներ։
Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը, առաջին հերթին իսլամական աշխարհի երկրներին, անհապաղ քայլեր ձեռնարկել և միավորել ուժերը՝ կանխելու նման զարգացումները և կանգնեցնելու Իսրայելին։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջոցառումների ակտիվացման և տարածաշրջան մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է մեծացնել իր ջանքերն այս ուղղությամբ։
Էրդողանը հուլիսի 4-ին հանդիպել է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Թուրքիայի և Չինաստանի նախագահների հանդիպումը փակ է եղել մամուլի համար։
Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։
Կարծիքներ