2-ամյա երեխան Լծենի «Հուշարձանի ժայռ»-ի բարձրությունից վայր է ընկել
Օգոստոսի 28-ին ողբրեգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 03:40-ի սահմաններում նշված կենտրոնում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն: Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում՝ Սյունիքի մարզից:
Աղբյուրի տեղեկություններով՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ինքը անցորդ է ու ճանապարհի երթևեկելի հատվածում տեսել է երեխային՝ ընկած վիճակում:
Տեղում պարզվել է, որ երեխան Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն է, ով իր պապիկի՝ 63-ամյա Ալեքսանդր Մ.-ի հսկողությունից դուրս է մնացել, ապա դուրս եկել տնից ու հայտնվել Լծեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում, որտեղից էլ մոտ 35-40 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Լծեն-Մեղրի ավտոճանապարհի եզրամասի հողաշերտի վրա ու ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղից էլ Սիսիանի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի կոշիկը:
Կարծիքներ