Ցանկացած արդյունք ու մեդալ համարժեք ուշադրության է արժանանում պետության կողմից. Վահրամ Դումանյան

Ցանկացած արդյունք ու մեդալ համարժեք ուշադրության է արժանանում պետության կողմից. Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հրաձգության Հայաստանի հավաքականին, որը 7 ոսկե և 3 արծաթե մեդալով է վերադարձել Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից:

Թիմային հաշվարկով էլ Հայաստանն աննախադեպ արդյունք է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և մեդալակիր մարզիկները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է մեդալակիրներին տպավորիչ արդյունքների համար. «Նախադեպը չունեցող արդյունք եք գրանցել, ինչի առթիվ շնորհավորում եմ ձեզ: Կարծում եմ՝ ձեր սպորտաձևում շատ կարևոր է համադրել սառնասրտությունն ու կենտրոնացումը: Ձեր հայացքներում ես տեսա այդ ամենը: Հպարտանում ենք ձեզնով: Աստված տա՝ այդ կրակոցները միայն սպորտային նպատակներով հնչեն»:

Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ ցանկացած արդյունք ու մեդալ համարժեք ուշադրության են արժանանում պետության կողմից. «Եթե կա արդյունք, ապա այն չի կարող աննկատ մնալ պետության կողմից, և պետության վերաբերմունքն էլ չի կարող մնալ նույնը, ինչ նախորդ տարի էր: Աջակցությունը միանշանակ կավելանա: Մենք շատ հպարտ ենք ձեր արդյունքներով, բայց միայն հպարտ լինելը քիչ է: Մենք էլ մեր կողմից պետք է շոշափելի քայլեր անենք, և հավատացա՛ծ եղեք՝ այդպես էլ կլինի»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է՝ ֆինանսավորումը կավելանա, որպեսզի հրաձիգները կարողանան օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցել. «Բյուջեով հաշվարկել ենք և մյուս տարի գումար ենք հատկացնելու, որպեսզի հրաձիգները կարողանան օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցել: Խոստանում են՝ կարող են նաև վարկանիշ ձեռք բերել, մենք էլ կապահովենք այդ մրցաշարերին մասնակցությունը»:

Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր դարձած Լիլիթ Մկրտչյանը խոստովանում է՝ դեռևս ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ հաջողություն են գրանցել կարևոր ստուգատեսում. «Իրականում սպասելիքներս հենց այսպիսինն էին: Սպասում էի, որ ոսկե մեդալ կնվաճեմ, թեև կրկնակի ոսկու ակնկալիք չունեի: Երբ առաջին անգամ կանգնեցի պատվո հարթակի առաջին աստիճանին, հասկացա, որ կարող եմ այն կրկնել: Ճիշտն ասած՝ դեռ չենք գիտակցում, թե ինչ ենք արել: Փորձում ենք մեր արած աշխատանքի արդյունքները քաղել»,- ասում է Լիլիթ Մկրտչյանն ու խոստովանում՝ իրենց հաճելիորեն զարմացրել է ԵԱ-ում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցնելու փաստը: «Բոլորս ապշել էինք: Մեր ավագ մարզիչը վերջին օրը եկավ ու ասաց, որ թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն ենք զբաղեցրել, շնորհավորեց մեզ պատմություն կերտելու կապակցությամբ: Դժվարանում էինք հավատալ: Շատ ուրախ ենք: Առավել հաճելի էր, երբ եզրափակչում քո երկրի ներկայացուցչի հետ էիր պայքարում»,- հավելում է Լիլիթ Մկրտչյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներն ավելին էին, քան իրենք կսպասեին. «Գիտեի՝ բարձր ցուցանիշներ ցույց տվող երեխաներ ունեինք, ու մեդալների ակնկալիքներ կային, բայց ոչ այսքան: Փառք Աստծո, ավելի լավ արդյունքներ ունեցանք: Եվրոպայի ուժեղագույն երկրների պայքարում էլ թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրինք: Շատ հաճելի ու զարմանալի էր»:

Գյումրիի՝ հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի երիտասարդ սաները՝ Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Արուսյակ Գրիգորյանը ևս մեդալակիրների թվում են:

Նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է Գյումրիում հրաձգության մարզադպրոցի պայմաններից:

Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրել է՝ նոր կառուցվող մարզադպրոցի, որը կրելու է Արթուր Ալեքսանյանի անունը, տարածքում նախատեսում են հրաձգության՝ ամբողջովին նոր գույքով հագեցած մարզադպրոց ունենալ:

10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը՝ խոցելով 561 միավոր:

557 միավորով արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը: Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել: Չեմպիոն են դարձել Գոռ Խաչատրյանը (571 միավոր) և Գոհար Հարությունյանը (556 միավոր):

Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում:

Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը (373 միավոր), իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը (370 միավոր):

Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը գրավել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում