Հնարավո՞ր է Հրայր Թովմասյանը դադարեցնի արձակուրդն ու մասնակցի Քոչարյանի նիստին
Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում նախատեսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը, սակայն պարզ չէ՝ արդյոք այդ նիստը տեղի կունենա, քանի որ ստեղծված իրավիճակում հնարավոր է ՍԴ-ն քվորում չկարողանա ապահովել:
Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը FreeNews-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե ստեղծված իրավիճակում գործի քննությունն ինչպես պետք է տեղի ունենա:
«Սահմանադրական դատարանի ձևավորումից հետո համանման իրավիճակ երբեք չի եղել, որ քվորումից խնդիր առաջանա: Սա առաջին դեպքն է: Հետևաբար ելնելով փորձից պատասխան տալ չեմ կարող»,-ասաց Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ փաստացի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտել, սակայն դրա արդյունքում որոշակի հետևանքներ պետք է լինեին:
«Նախկինում, երբ ՍԴ դատավորի լիազորությունները դադարում էին, դրանից առաջ կամ հետո ՍԴ-ն աշխատակարգային որոշում էր ընդունում դրա վերաբերյալ: Այս պահին որևէ նման փաստաթուղթ չկա, հետևաբար ասել, թե նրանց լիազորությունները դադարել են՝ ոչ, բայց մյուս կողմից էլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կա այն պնդումը, որ այս դատավորների լիազորությունները դադարել են: Իսկապես կազուսային իրավիճակ է», - շեշտեց Քոչարյանի պաշտպանը:
Դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանն ու ՍԴ մեկ այլ դատավոր արձակուրդ են մեկնել, հնարավո՞ր է, որ արձակուրդը դադարեցնեն ու մասնակցեն Քոչարյանի գործով դատական նիստին, Վարդևանյանը պատասխանեց. «Կդժվարանամ ասել՝ ինչպես է կարգավորվում արձակուրդների ընթացակարգը ՍԴ-ում, չնայած մասնավոր դեպքերում սահմանված է, որ աշխատանքի վերադառնալու դեպքում արձակուրդը պետք է դադարի: Այսինքն հնարավոր չէ ներկայանալ նիստին, և ապա շարունակել արձակուրդը»:
Կարծիքներ