Կոմիտասը մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել». Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անդրադարձը

Կոմիտասը մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել». Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անդրադարձը

Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական և իրականության հետ աղերս չունեցող մտքերի հանրային լայն արձագանքը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը վերստին ցանկանում է անդրադառնալ Վարդապետի գործունեությանն ու ժառանգությանն առնչվող` վերջին շրջանում անհարկի քննարկման առարկա դարձած որոշակի դրվագներին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որում նաև ասված է.

«Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։

Նա նաև արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»։ Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբևէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։

Ավելին՝ «Քառորդ նոտաները» եվրոպացիներին անհասանելի չեն եղել, որպեսզի այդ ճանապարհով նրանց որևէ տեսակի երաժշտություն հրամցվեր։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այս առիթով նախաձեռնում է հայ երաժշտությանն ու Կոմիտասին նվիրված դասախոսությունների, հանրամատչելի զրույցների, կլոր սեղան քննարկումների շարք։

Այդ շարքի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 20-ին՝ Թանգարանային գիշերը, ժ․ 16:00: Հյուրընկալելու ենք արվեստագիտության թեկնածու երաժշտագետ Մարիաննա Տիգրանյանին, որը կզրուցի հայ ծիսական երաժշտության, երաժշտաբանաստեղծական արվեստի մասին»։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, անդրադառնալով Կոմիտաասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն, էդ ծռած նոտաները, այդ մուղամը, ու իրենց տհաճ է թվացել: Իսկ ինքը հայ երգը տարածելու համար հետ է եկել, ասելով, թե՝ չսիրեցին, բռնեք ջնջեք: Բոլոր քառորդ նոտաները ջնջել են»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում