Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական գրառում է կատարել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
«Վեհափա՛ռ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր որդիական խոնարհումն ու սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Թող ամենազոր Աստված երկար տարիների կյանք պարգևի Ձեզ, ուժ ու եռանդ՝ հաջողությամբ իրականացնելու Ձեր հայրենանվեր առաքելությունը։
Արցախում քաջ գիտեն և բարձր են գնահատում Ձեր ազգանպաստ ու աստվածահաճո գործերը, Ձեր աննկուն ջանքերը՝ ուղղված մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու զորացմանը, մայր Եկեղեցու և Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը։
Վեհափա՛ռ Տեր,
Ընդունեք իմ խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատության ու բարօրություն Ձեզ»:
Կարծիքներ